Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանի ընտրանու X ժամը

Հայաստանի ընտրանու X ժամը
16.06.2015 | 12:28

Ավարտվեցին «Եվրո-2016»-ի խմբայինի հերթական հանդիպումները: Սպասումների պակաս չկար, սակայն այնպես էլ չէր, որ անակնկալների պակաս եղավ: Վերջինիս կտրվածքով (լավի առումով) հույսեր էինք փայփայում և մենք` հայ ֆուտբոլասերներս, սակայն մեր բաժին հացը դառը եղավ: Թե ինչու է մեր հացը անեկ դուրս գալիս ու դառնահամ, բոլորին է հայտնի` սկսած հայաստանյան ակումբային ֆուտբոլի թույլ առաջնությունից, վերջացրած ֆուտբոլային տնտեսության գլուխ կանգնած զոռբաներով, նրանց սպասարկմանը լծված լրագրողներով ու լրատվամիջոցներով: Եթե կարծում եք, թե այս պարտությունից դասեր են քաղելու, չարաչար սխալվելու եք: Մի գլուխ աչքներս են կոխելու Պիզելիի` դարպասի իսկապես հրաշալի գրավումը ու յուղ են վառելու ամենահիմար պատճառաբանություններ վկայակոչելով: Ինչևէ, ծանոթ երգեր են հնչելու, ծանոթ նվագակցումներ են լինելու ու այսպես շարունակ:

I ԽՈՒՄԲ
Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար X ժամն էր. ընտրականի կեսն անցած էր, իսկ մեր ունեցածն ընդամենը մեկ միավոր էր: Դրանով էլ մնացինք, որքան էլ որ երկու գոլ հեղինակեցինք: Պորտուգալիայից մի Ռոնալդու պահանջվեց 3:2 հաշվով հաղթանակն ապահովելու ու խմբային առաջինում մնալու համար, ինչը միաժամանակ նշանակում է նվազագույնը play-off-ում լինել: Ի դեպ, բոլոր խմբայիններից` առաջինը: Ահա թե թերակղզեցիների համար որքան երջանկաբեր եղավ երբեմնի հասունությունից մանկական տարիք գահավիժած ու այնտեղ տոտիկ-տոտիկ անող հայոց ֆուտբոլը: Ինչ վերաբերում է խմբայինում մեր բախտակիցներին` նույնպես մեկ միավոր ունեցող սերբերին, վերջիններս 0:2 հաշվով պարտվեցին դանիացիներին: Պորտուգալացիներն ունեն 12, դանիացիները` 10-ը միավոր:

A ԽՈՒՄԲ
Փչացնելով ուղիղ այնքան հնարավորություն, որքան հնարավոր է, հոլանդացիները երկրորդ խաղակեսում վերջապես խելքները գլուխները հավաքեցին ու Լատվիայից հեռացան իրենց հասանելիք երեք միավորը վաստակած (2:0): Իրենց հերթին Ղազախստանից հաղթած հեռացան թուրքերը (1:0), ինչը հոլանդացիների պես նրանց էլ դեռ հնարավորություն է ընձեռում երազելու եզրափակչում հայտնվելու մասին: Խմբի առաջատարների մրցավեճում իսլանդացիներն ավելի հաջողակ եղան չեխերից` 2:1: Սա նաև Պլզենում ստացած ապտակի պատասխանն էր` հաշվի համարժեքությամբ: Իսլանդացիներն ունեն 15, չեխերը` 13, հոլանդացիները` 10, թուրքերը` 8 միավոր:

B ԽՈՒՄԲ
Ընտրական մրցաշարի թերևս ամենախոշոր անակնկալի հեղինակը դարձան ուելսցիները` սեփական հարկի տակ պարտության մատնելով բելգիացիներին, որոնց հետ մինչ այդ ունեին 11-ական միավոր: Իսրայելցիներին թանկ արժեցավ բոսնիական ուղևորությունը (1:3), իսկ ահա Անդորա կատարած ճամփորդությունից կիպրոսցիները վերադարձան հաղթանակով` 3:1, ինչը հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու իսրայելցիներին` 9: Բոսնիացիներն ունեն մեկ միավոր պակաս, ու այս խմբում դեռ շատ արյուն է հեղվելու եզրափակչում հանդես գալու իրավունքը ձեռք բերելու համար:

C ԽՈՒՄԲ
Տուրի հանդիպումները հաղթական են եղել թե՛ մինչև այժմ պարտություն չիմացող սլովակների (հաղթել են մակեդոնացիներին` 2:1), թե՛ բելառուսցիներին հյուր գնացած, երկրորդ հորիզոնականում գտնվող իսպանացիների (1:0), թե՛ լյուքսեմբուրգցիներին հյուրընկալած ուկրաինացիների համար (3:0): Արդյունքում պահպանվել է միմյանց նկատմամբ ունեցած երեք միավորի տարբերությունը: Իսպանացիների ակտիվում է 15, ուկրաինացիների ակտիվում` 12 միավոր:

D ԽՈՒՄԲ
Դժվար է ասել` վրացիները սեփական թի՞մն են ազգի թշնամի ճանաչելու, թե՞ Ռոբերտ Լևանդովսկուն, ով 89-րդ րոպեից խաղավարտ ընկած ժամանակահատվածում դարձավ երեք գոլի հեղինակ: Միջանկյալ ասենք, որ հայերիս մխիթարությունն այն է մնում, որ Ռոնալդուն մերոնց հետ նույնն արեց ավելի մեծ ժամանակահատվածում: 4:0 հաշվով հաղթած լեհերը 14 միավորով միանձնյա գլխավորում են խմբայինը: Նրանցից մեկ միավորով են հետ մնում 7:0 հաշվով ջիբրալթացիներին պարտության մատնած գերմանացիները: Իրենց հերթին գերմանացիներից երկու միավորով են հետ մնում շոտլանդացիները, ովքեր Իռլանդիայից վերադարձան միավոր վաստակած` 1:1:
E ԽՈՒՄԲ
Վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարան անգլիացիները, թեպետ տանտերերն ամեն ինչ արեցին մրցակցի տրամադրությունը փչացնելու և ունեցած ինը միավորին միավոր հավելելու համար: Սլովենիայի ընտրանին սկզբում առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 1:2-ի ժամանակ կարողացավ և հաշվի հավասարությունը վերականգնել: Ի բարեբախտություն անգլիացիների, խաղավարտից վեց րոպե առաջ Ռունին խփեց հաղթական գոլը: Եվս մեկը, և նա հավաքականում խփած գոլերի թվով կհավասարվի լեգենդար Բոբի Չառլտոնին: Հաղթական մրցելույթ ունեցավ և Շվեյցարիայի ընտրանին: Լիտվացիների նկատմամբ 2։1 հաշվով առավելությունը նրա միավորների թիվը հասցրեց 12-ի, իսկ սա խմբայինում երկրորդ արդյունքն է: Հաղթական էր և էստոնացիների հանդիպումը Սան Մարինոյի ընտրանու հետ` 2:0:

F ԽՈՒՄԲ
Առաջատարը` Ռումինիայի ընտրանին, խմբային երկրորդում գտնվող Հյուսիսային Իռլանդիայից վերադարձավ գոլ չխփած, բայց և բաց չթողած: Արդյունքում պահպանվեց վերջինիցս ունեցած մեկ միավորի առավելությունը: Իրավիճակից լավագույնս օգտվեցին Ֆինլանդիայում երեք միավոր վաստակած հունգարները (1:0), ովքեր արդեն ունեն 11 միավոր ու երկու միավորով են հետ մնում հյուսիսիռլանդացիներից: Հերթական խայտառակության հեղինակը դարձան հույները, ովքեր անզոր եղան ֆարերցիների հետ նաև երկրորդ խաղում` 1:2:

G ԽՈՒՄԲ
Ռուսներին հյուր գնացած Ավստրիայի ընտրանին ամեն ինչ արեց թե՛ առաջատարի իր դիրքերը պահպանելու, թե՛ տանտերերի տրամադրությունը փչացնելու համար: Ճիշտ է, հաղթանակը նվազագույն հաշվով էր, սակայն դա տանտերերի համար սառը ցնցուղից էլ վատ էր, քանզի չեռնոգորցիների հետ հանդիպումը մեծ վերելքով անցկացրած շվեդները (3:1) արդեն չորս միավորի առավելություն ունեն Կապելոյի սաների նկատմամբ, իսկ ամեն մի խմբի երրորդ հորիզոնականում գտնվող թիմ չէ, որ կարող է եզրափակչում հանդես գալու իրավունք ակնկալել: Խմբի մյուս հանդիպումում մոլդովացիներն ու լիխտենշտայնցիները իրարից բաժանվել են մեկական միավոր վաստակած (1:1):

H ԽՈՒՄԲ
Իտալացիներին երկու միավորով գերազանցող հորվաթները պահպանեցին ունեցած առավելությունը` դատարկ տրիբունաների պայմաններում ոչ-ոքի` 1:1 խաղալով հյուրերի հետ, իսկ դրանք դատարկ էին իտալական հանդիպումում հորվաթ երկրպագուների թույլ տված անկարգությունների պատճառով: Ասենք, որ չկարողանալով Բուֆոնին խոցել 11-մետրանոցից, Մանջուկիչը դա արել է խաղային դրությունից: Ի դեպ, իտալացիները հաշիվը հավասարեցրել են 11-մետրանոցից: Ադրբեջանի հետ սեփական հարկի տակ խաղալով ոչ-ոքի` նորվեգացիներն արդեն ութ միավոր ունեցող բուլղարացիներին (արտագնայում նվազագույն հաշվով հաղթել են Մալթայի ընտրանուն) հնարավորություն տվեցին երկու միավորի հեռավորությամբ դիրքավորվելու իրենցից: Ի դեպ, առաջին քառյակը կազմածներն այստեղ իրարից երկուական միավորի հեռավորության վրա են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ